2023 թվականին հայկական կինոինդուստրիայի լավագույն ռեժիսորները՝ լավագույն դերասանական կազմերով մեծ էկրաններ բարձրացրեցին իրենց հերթական գլուխգործոցները, որոնք դարձան հանդիսատեսի սիրելին և դասվեցին ամենապահանջված կինոթատրոնների ամենաշատ դիտված ֆիլմերի շարքին։
Armenia Today-ն իր ընթերցողների համար առանձնացրել է 2023 թվականի թոփ 5 ամենաքննարկված և դիտված հայկական ֆիլմերը։
1․ Սևազգեստ կանայք

Սեպտեմբերի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմի փակ դիտումը, որին ներկա է եղել նաև Armenia Today-ի նկարահանող խումբը։ Ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 15-ից։
Ֆիլմի ուղերձը, ինչպես ասվեց ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսում, ժպիտ պարգևելն ու մարդկանց առօրյա հոգսերից կտրելն է: Ռեժիսորն ու դերասանները նշեցին, որ պետք չէ ամեն ինչում որևէ ուսուցանող բան փնտրել, քանի որ իրենք նպատակ չունեն կրթել կամ դաստիարակել կինոնկարով։ Ֆիլմը պատմում է մեծահարուստ մի մարդու 4 սիրուհիների մասին, ովքեր մինչ հանգուցյալի մահը չգիտեին միմյանց գոյության մասին։ Ճակատագիրը նրանց բախում է միմյանց հետ իրենց կյանքի գլխավոր տղամարդու հոգեհանգստի օրը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հերոսն ունի նաև օրինական կին, ումից հանգուցյալի դուստրը փորձում է թաքցնել ողջ եղելությունը։ Հետո հեռուստադիտողը հայտնվում է ինտրիգների և բացահայտումների ցիկլի մեջ, ինչը հեռուստադիտողին մատուցվում է հայկական էկրանների լավագույն դերակատարների մասնակցությամբ, հիանալի հումորով և գեղեցիկ խաղով։
Գլխավոր հերոսներին մարմնավորել են՝ Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ելենա Վարդանյանը, Ռոզի Ավետիսովան, Ռոմելա Սարգսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Արտյոմ Մարկոսյանը։
2․ Օպերացիա «Մեծապատիվ Մուրացկաններ»

Ռեժիսոր Արշալույս Հարությունյանի Օպերացիա «Մեծապատիվ մուրացկաններ» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել նոյեմբերի 30-ից:
Ֆիլմում արկածախնդիր խաբեբաները ծրագրում են թալանել ամերիկացի միլիոնատիրոջը: Ամբողջ ֆիլմի հիմքում խաբեությունն ու խարդախությունների շարքն են՝ առանց օրենքի խախտումների, ինչն էլ ֆիլմին յուրահատուկ հետաքրքրություն է տալիս։ Ամերիկահայ միլիոնատեր Սողոմոն Աղայանը գալիս է Հայաստան՝ բիզնես ու բարեգործություններ անելու նպատակով։ Ռեժիսոր Մանուկ Թարխանյանն իր ընկերների հետ խարդախությամբ որոշում է տիրանալ վերջինիս փողերին։ Պատմությունը հարուստ է զվարճալի, թեթև տեսարաններով:
Ֆիլմի գլխավոր հերոսներն են՝ Ռաֆայել Երանոսյանը, Քեն Դավիդյանը, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Վիկտորիա Սահակյանը, Լևոն Հախվերդյանը, Արսեն Սաղաթելյանը, Գրիշա Աղախանյանը, Անի Խաչիկյանը:
3․ Կոկո

Ռեժիսոր Էնջլ Մարտիրոսյանի «Կոկո» կատակերգությունը մեծ էկրաններ է բարձրացել նոյեմբերի 16-ից։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սցենարը Կլոդ Մոնեի «Օսկար» ֆրանսիական կատակերգական պիեսի ադապտացիա է, որի առանցքում շոշափվում են սիրո դրսևորումները, ինչպիսիք են վաղուց մոռացված սերը և կյանքի ընկերոջ բարդ ընտրությունը։ Դրանց հաճախ ընկերակցում է սուտը, որը փորձում է կազմաքանդել մարդկային պարզունակ հարաբերությունները, և «Կոկո» ֆիլմի կերպարները բացառություն չեն այս հարցում։ Թվացյալ փոքրիկ սուտը ստեղծում է բարդ և, միևնույն ժամանակ, ծիծաղելի իրավիճակներ հերոսների համար։ Կերպարները խոսում են գրագետ հայերենով։ Ֆիլմի ստեղծողներն ակնկալում են, որ հանդիսատեսը դահլիճը կլքի վառ և գունավոր էմոցիաներով, իհարկե՝ զուգահեռաբար կյանքի մասին խորհելով։
Ֆիլմի գլխավոր հերոսներն են Զոհրաբ Բեկ Գասպարենցը, Նազենի Հովհաննիսյանը, Լաուրա Ավագյանը, Սարգիս Գրիգորյանը, Լիլիթ Ղուկասյանը, Արման Խաչատրյանը, Մոսո Կարապետյանը, Մերի Երեմյանը, Վահագն Խաչատրյանը, Մանո Գրիգորյանը և հատուկ հյուր՝ Քեն Դավիթյանը:
4․ Սուրեն

Ռեժիսոր Վալերի Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել նոյեմբերի 6-ից։
2020 թվականի նոյեմբեր՝ մարդկանց զանգվածային տեղահանում 44-օրյա պատերազմից հետո։ Մարդիկ ստիպված են լքել իրենց տները, հողերը և հեռանալ։ Նրանց անվտանգությունը 102-րդ դիվիզիայի սպայի պարտականությունն է, ով միջազգային փոքր թիմի գլխավորությամբ ուղարկվում է Արցախի հեռավոր շրջաններ՝ անվտանգ տեղաշարժ ապահովելու համար։ Սուրեն անունով տարեց տղամարդը, ով ապրում է թոռան հետ Ացաշատ գյուղում, հրաժարվում է լքել իր տունը։
Ֆիլմի գլխավոր հերոսներն են Հովհաննես Հովհաննիսյանը, Դմիտրի Մազուրովը, Սամվել Առաքելյանը։
5․ Լուկա

Ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի «Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմը մեծ էկրաններ է բարձրացել 2023-ի սկզբին՝ հունվարի 29-ից։
«Լուկան» Դինո Բուզատիի «Թաթարական անապատ» հայտնի վեպի ադապտացիան է։
Այդ առիթով Ռոտերդամ և Օստենդ են մեկնել Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը և հայկական կողմից պրոդյուսեր Անջելա Ֆրանգյանը: Ցուցադրությանը ներկա կլինեն գլխավոր դերակատար Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը, հրավերներ են ուղարկվել Բելգիայում և Նիդեռլանդներում գտնվող ՀՀ դեսպաններին՝ Աննա Աղաջանյանին և Տիգրան Բալայանին:
Ֆիլմի գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ է՝ դերասան Սամվել Թադևոսյանը։ Նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։






































