Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, ուր ադրբեջանական կողմի՝ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ռիսկային էր որակվել։
Հունվարի 21-ի դրությամբ, ըստ Փաշինյանի, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է։ Վարչապետի խոսքով՝ այդ պայմաններում էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական, ինչն արձանագրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մասին։
«Ուզում եմ՝ բոլորս արձանագրենք այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում՝ սկսած հռետորաբանությունից։ Հայաստանի և Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունն արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս, ինչն ուզում եմ ողջունել»,- հավելել է նա։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը շեշտել է, որ աշխատում են Արտաքին հետախուզական ծառայության արձանագրած խնդիրների ուղղությամբ։
«Այդ աշխատանքն ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը և այն դրական բովանդակությունը, որ այս ընթացքում ձևավորվել է։ Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին և սպառնալիքներին, Հայաստանի պետական համակարգն անընդհատ դա վերլուծում է, և այդ ուղղությամբ բոլոր՝ առաջին հերթին՝ դիվանագիտական ծառայություններն իրենց աշխատանքը կատարում են»,- վստահեցրել է նա։
Զեկույցում նշված է, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնության արդյունքներով 2026 թվականին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, և բարձրացել է խաղաղության ինստիտուցիոնալացման հավանականությունը։
Կարդացեք նաև՝


































