Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն քննադատել է ՀՀ իշխանությունների հարձակումը եկեղեցու վրա ու ընդգծել, որ իր այդ դիրքորոշումը երբեք չի փոխվել ու շարունակելու է մնալ կայուն, հայտնել է «Ազգային ճակատ»-ը։
«Երբ Հայաստանում անարդարություն է կատարվում, Անթիլիասը ո՛չ է ասում։ Երբ Հայաստանում արժեքներն են արհամարհվում և խորհրդանիշներն են անտեսվում, Անթիլիասը ո՛չ է ասում և ո՛չ է ասել միշտ: Երբ Հայաստանի մեջ եկեղեցին ու եկեղեցականները տեսակ-տեսակ հալածանքների և ձերբակալությունների են ենթարկվում, Անթիլիասն այդ քաջությունն ունի և ո՛չ ասելու»,- նշել է Արամ Ա-ն։
Նիկոսիայում մատուցած պատարագից հետո Կիլիկիո կաթողիկոսն իր խոսքում ասել է, որ Հայաստանում, ի վնաս ժողովրդի շահերի, համազգային գերագույն իդեալներն անտեսվում են, ինչն Անթիլիասը մերժել և մերժելու է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ հայտարարելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն այս փուլում մասնակցում է պատարագների, որոնց ժամանակ զեղչվում է կաթողիկոսի անունը։ Նա հաստատել էր, որ պատարագներից առաջ նաև Ազգային անվտանգության ծառայությունն է միջնորդում չհնչեցնել վեհափառի անունը։
Այս պահի դրությամբ՝ կալանքի տակ է 4 սրբազան՝ Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը, Արշակ Խաչատրյանը, Մկրտիչ Պռոշյանը։ Կալանքի տակ են նաև Գարեգին Երկրորդի եղբայրն ու եղբորորդին։

























