Կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի պատճառով Ալավերդիում 74-ամյա տղամարդը սպանել է 75-ամյա հարևանին, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 28-ին՝ ժամը 12։20-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել, որ իր հարևան՝ քաղաք Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։
Իրավապահները պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ 75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը: Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Թումանյանի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։




























