«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլ չի էլ կարող խաթարվել, հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։
ՀԾԿՀ-ում ընդգծել են, որ խաթարում հնարավոր չէ՝ հաշվի առնելով գործող իրավական և տնտեսական կառուցակարգերը։
«Համաձայն օրենսդրության՝ ընկերությունն էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո նույնպես պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները»,- հստակեցրել են հանձնաժողովում։
ՀԾԿՀ-ից հավելել են, որ մինչև էլեկտրաէներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը (Ռոմանոս Պետրոսյան-խմբ․) պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը։ Հանձնաժողովում շեշտել են, որ նա պարտավոր է ապահովել նաև ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը։
Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ Օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան։



































