Փաստաբան Ռոբերտ Ամստերդամն ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանի իշխանություններն «արշավ են սկսել իրենց եկեղեցու դեմ», և որ իր պաշտպանյալը՝ գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, հինգ ամիս բանտում է՝ «ոչ մի բանի համար, բացի Աստծո հանդեպ իր հավատից»։
Ըստ Ամստերդամի՝ արքեպիսկոպոսների և քահանաների ձերբակալությունների ֆոնին նոյեմբերին Երևանում նախատեսվում է աղոթքի նախաճաշ, որին կմասնակցեն ԱՄՆ ներկայացուցիչներ և կրոնական առաջնորդներ։ Փաստաբանը դա անվանել է «հեղինակության լվացման նախաճաշ»։
«Մինչ քահանաները բանտարկվում են, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է կարգալույծ քահանայի հետ պատարագների, Երևանում կանցկացվի աղոթքի նախաճաշ՝ ամերիկացի քրիստոնյաների մասնակցությամբ։ Սա ամոթ է»,- հայտարարել է նա։
Փաստաբանը մեղադրել է ԱՄՆ Պետդեպարտամենտին «կրոնն արտաքին քաղաքականության նպատակներով գործիքավորելու» և «հավատացյալներին հետապնդող կառավարություններին արդյունավետորեն աջակցելու» մեջ։ Ամստերդամը շեշտել է, որ Փաշինյանը «փորձում է պառակտել եկեղեցին» և «նույնիսկ չի հասկանում առաքելական ավանդույթի էությունը»։
Նա նաև հայտնել է Pashinyan and the Persecution of Samvel Karapetyan զեկույցի հրապարակման մասին (հասանելի է freekarapetyan.com կայքում), որտեղ մանրամասն նկարագրվում է քրեական գործը և Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումը։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահը կալանավորվել էր եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։






































