Նոյեմբերի 4-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդ կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձն է, ինչի առթիվ Մայր Աթոռը շնորհավորական ուղերձ է հղել։
«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը՝ մաղթելով ազգընտիր Հայրապետին քաջառողջ երկար տարիներ, կենաց արևշատություն և հոգևոր անբեկանելի եռանդ՝ փոթորկահույզ ալեկոծություններով հայոց տապանը անվտանգ ու անվնաս առաջնորդելու դեպի Տիրոջ խոստացյալ նավահանգիստը։ Թող Աստված զորակից լինի Նորին Սրբությանը՝ այս դժվարին օրերին հովվելու հայ հավատավոր ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
Ուղերձում մաղթել են, որ աստվածաշնորհ արարումներով կաթողիկոսը պայծառացնի հայրենիքը, բազմապատկի իր բարիքները մեր կյանքում՝ ի փառս Քրիստոսի, ի պայծառություն Սուրբ եկեղեցու և ի շինություն Հայ ժողովրդի։
«Թող Բարձրյալն անսասան պահի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և օրհնի Հայոց Հայրապետի հովվապետական գավազանը»,- եզրափակել են Մայր Աթոռում։
Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձը նշվում է իշխանությունների կողմից նրա հեռացման պահանջի պայմաններում։ Մայիսից վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։ Նա երկու անգամ մասնակցել էր եկեղեցու մասին գրառումներով ու հայտարարություններով հայտնի կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ծեսերին՝ պնդելով, թե «կարգալույծ Կտրիճ Ներսիսյանը (կաթողիկոսը-խմբ․) չի կարող կարգալույծ անել»։
Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ Նոյեմբերի 2-ին դատարանը 1 ամսով կալանավորել էր նաև կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։ Armenia Today-ի թղթակցի հարցին պատասխանելով ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին 2-րդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։
Կարդացեք նաև՝





































