Դատարանն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբայր Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կալանք է կիրառել, Armenia Today-ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Փաստաբանը տեղեկացրել է, որ նրան 1 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Նա հավելել է, որ այս պահին դատարանը քննում է Ներսիսյանի որդուն՝ Համբարձում Ներսիսյանին կալանավորելու միջնորդությունը։
Նոյեմբերի 2-ին փաստաբանը հայտնել էր, որ նրանց ձերբակալելու որոշում է կայացվել Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։
Փաստաբանը, հիմք ընդունելով հրապարակած տեսագրությունը, նշել էր, որ նոյեմբերի 1-ին Ներսիսյանի որդուն տան դարպասի մոտ մի տղամարդ հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության ժողովին։ Ըստ Զոհրաբյանի՝ նա հրաժարվել էր, ինչից հետո զրույցին միացել էր հայրը, և կարճ խոսակցությունից հետո նրանք խաղաղությամբ բաժանվել էին։ Նրանց ձերբակալել էին նոյեմբերի 3-ին։






































