Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել, հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Նարեկ Մկրտչյանը 79 կգ քաշային ծանրորդների պայքարում երկամարտի 338 կգ արդյունքով (150+188 կգ) դարձել է արծաթե մեդալակիր:
Պոկում վարժությունում Մկրտչյանը հաջորդաբար բարձրացրել է 145 կգ ու 150 կգ կշռող ծանրաձողերը: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացնելով 185 կգ՝ Մկրտչյանը Եվրոպայի ռեկորդ է սահմանել: Այս վարժությունում նա բարձրացրել է նաև 188 կգ կշռող ծանրաձողը և զբաղեցրել 2-րդ տեղը:
79 քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը դարձել է հրում վարժության բրոնզե մեդալակիր՝ 182 կգ արդյունքով:






































