Կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ Տեր Արամ-խմբ․) փոխել է եկեղեցու փականը, բանալիներն իր մոտ են, «Փաստինֆոյին» հայտնել է Հովհաննավանքի Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
«Մեր մոտ առկա բանալիներն այլևս գործածել հնարավոր չէ․ ստացվում է՝ միայն իրենք ունեն բանալիներ։ Արդյունքում՝ հիմա ո՛չ ես, ո՛չ Տեր Մանուկը չենք կարողանում մեր ծառայությունն իրականացնել եկեղեցում։ Ճիշտն ասած՝ երեկ ես գնացի այնտեղ, կրկին ոստիկանական մեքենաներ կային, իրենց շրջապատի մարդիկ էին հավաքված, թեթև վիճաբանություն ունեցանք»,- ասել է նա։
Տեր Սարգիսը տեղեկացրել է, որ թեմի կայքէջով՝ այլ թեմերի քահանաների միջոցով, մարդկանց տեղեկացնում են ստեղծված իրավիճակի մասին։
Նրա փոխանցմամբ՝ կիրակի օրվա արարողությունների մեծ մասը չեն կայացել։ Տեր Սարգիսը նշել է, որ եկեղեցում արարողությունների մատյանը նույնպես զավթվել է, ուստի գրանցումների գրքից ևս չի կարողանում օգտվել ու չգիտի, թե այս օրերին ինչ արարողություններ կան գրանցված։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը նշել է, որ փաստաբան Արա Զոհրաբյանը Մայր Աթոռի անունից դատախազություն հաղորդում է ներկայացրել։
«Ներկայացված հաղորդումը նաև այն մասին էր, որ խոչընդոտվում է օրինավոր քահանայի կողմից ծիսական արարողական կյանքը, և որ խախտված են Մայր Աթոռի սեփականության իրավունքին վերաբերող հարցեր»,- ասել է Տեր Եսային։
Ասատրյանը հոկտեմբերի 21-ին կարգալույծ էր հռչակվել, բայց հրաժարվել էր ընդունել կարգավիճակը: Հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանա Ասատրյանը, այսպես կոչված, պատարագ էր մատուցել, որին մասնակցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կարդացեք նաև՝





































