Հոկտեմբերի 24-ին Երևանում կայացել է Tashir Arena-ի հանդիսավոր բացման արարողությունը, հայտնում է Արենայի մամուլի ծառայությունը։
Բացումն ազդարարվել է Eternia շոուի պրեմիերայով, որը դարձել է միջոցառման պայծառ կետն ու Երևանի կրկեսի նոր դարաշրջանի խորհրդանիշը, որն այժմ իր տեխնիկական հագեցվածությամբ և հնարավորություններով չի զիջում աշխարհի առաջատար արենաներին։

Տոնական երեկոյի սկիզբը բացել է «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Տաթևիկ Կարապետյանը՝ արենայի դռներով ներս հրավիրելով առաջին հյուրերին։ Բացման արարողությանը ներկա էին մշակույթի և բիզնեսի ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ, շոու-բիզնեսի աստղեր, արտիստներ և բլոգերներ։

Իր խոսքում Կարապետյանը նշել է, որ բացվում է ոչ թե նոր շենք, այլ Հայաստանի մշակութային կյանքի նոր էջ։
«Tashir Arena-ն այն վայրն է, որտեղ իշխում են անկեղծ սերը, նվիրումը և միասնությունը, որտեղ արվեստը և ոգեշնչումը միանում են Հայաստանի հանդեպ սիրո հետ։ Չնայած բոլոր դժվարություններին, պետք է հավատանք բարուն և պայքարենք չարի դեմ։ Այս շոուն դրա մասին է, և բարին կխաղթի»,- ասել է նա։
Իր խոսքում Տաթևիկը դիմել է նաև իր հորը՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանին, շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնելով նրա անզիջում ճանապարհի համար։ Նա ընդգծել է, որ հենց հոր սկզբունքայնությունն ու հաստատակամությունն են թույլ տվել կյանքի կոչել այս իսկապես շքեղ երազանքի նախագիծը։
«Պապ ջան, մեր մոտ հըմեն ինչ ստացվեց»,- նշել է նա։

Eternia շոուի վրա աշխատել է ավելի քան հարյուր արտիստներից կազմված ստեղծագործական խումբ։ Այն դարձել է նոր Արենայի յուրատեսակ այցեքարտը։ Շոուն ստեղծվել է հատուկ Tashir Arena-ի համար այնպես, որ օգտագործվեն նոր բեմի բոլոր տեխնիկական հնարավորությունները. շարժական հարթակները, ժամանակակից լուսային և ձայնային համակարգերը, մուլտիմեդիա պրոյեկցիաներն ու մեխանիկական էֆեկտներն ստեղծում են հանդիսատեսի լիակատար ներգրավվածություն ներկայացման աշխարհում:
Հանդիսավոր բացումից մի քանի օր առաջ կազմակերպվել էր բարեգործական նախապրեմիերային դիտում հատուկ հյուրերի համար։ Նոր ներկայացման առաջին հանդիսատեսներն էին նրանք, ովքեր հատկապես ջերմության և հոգատարության կարիք ունեն՝ բազմազավակ ընտանիքներ և Արցախից տեղահանված ընտանիքներ, վետերաններ, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ և բարեգործական հիմնադրամների շահառուներ։
Կարդացեք նաև՝
Eternia-ն չորս նովելայից բաղկացած պատմություն է․ Բրյունը՝ Երևանի կրկեսի բացման ծրագրի մասին
«Նոր սերնդի կրկես». Վյաչեսլավ Կոլցովը՝ Tashir Arena-ի բացման և Eternia-ի պրեմիերայի մասին
























