TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղի»-խմբ.) ուղով նախատեսված հաղորդակցության հատվածներում սահմանազատում կիրականացվի, հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ուղիղ փոխկապակցվածություն սահմանազատման ու ապաշրջափակման միջև չի լինի, սակայն դրանք այսպես թե այնպես՝ ազդեցություն կունենան միմյանց վրա։
«Այն տեղերում, որտեղ հաղորդակցության կառուցում արդեն պետք է սկսվի, ենթադրվում է և տրամաբանական է, որ այդ հատվածում որքան անհրաժեշտ է այդ ենթակառուցվածքների անցնելու համար, նախ սահմանազատում և սահմանազատում տեղի ունենա, որպեսզի այդ տարածքով ենթակառուցվածքներ կառուցվեն, և պարզ լինի՝ սահմանը կոնկրետ որտեղո՞վ պետք է անցնի»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ հանձնաժողովները կշարունակեն իրենց աշխատանքը։
«Գոնե Հայաստանի դեպքում և՛ սահմանազատումը, և՛ ենթակառուցվածքների ապաշրջափակումը համակարգում է նույն փոխվարչապետը։ Բնականաբար, երբ կոմունիկացիաների թեման ակտիվանում է, նրանք ավելի մեծ ուշադրություն են դարձնելու և ավելի շատ ժամանակ են տրամադրելու սահմանազատման թեմային»,- ընդգծել է Փաշինյանը։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նաև նախատեսվում է ստեղծել TRIPP տրանսպորտային երթուղի: Կողմերը նաև նախաստորագրել էին խաղաղության համաձայնագրի նախագիծ, որն օգոստոսի 11-ին հրապարակվել էր ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Փաստաթղթի համաձայն՝ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջներ չեն առաջադրելու:




































