ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հոկտեմբերի 14-ին աշխատանքից ազատել է նախարարության մի շարք աշխատակիցների՝ Սպիտակի պետական քոլեջում կրթաթոշակների հնարավոր յուրացումների վերաբերյալ ծառայողական քննության արդյունքում, գրում է «Հրապարակ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ նախարարի որոշմամբ աշխատանքից ազատվել են Մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգման բաժնի պետ Կարեն Մանուկյանը, ինչպես նաև մեկ շարքային աշխատող։
Նախարարության աղբյուրները նշել են, որ կրթաթոշակների բաշխման գործընթացում արձանագրվել են խախտումներ։
Արմենուհի Պողոսյանը չի ցանկացել հստակեցնել, թե քննությունը ո՞ր ժամանակահատվածին է վերաբերում և ի՞նչ գումարների մասին է խոսքը՝ ընդգծելով միայն, որ վարչությունը մեղավոր չէ։
Պողոսյանը թերթին հայտնել է, որ իր նկատմամբ կիրառվել են անհամաչափ կարգապահական միջոցներ։
Թերթը նաև նշում է, որ Պողոսյանը երկար տարիներ հանդիսացել է Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի օգնականը, և չի բացառվում, որ նրա ազատումը կապված է նախկին ղեկավարների թիմին պատկանող աշխատակիցներից ազատվելու միտման հետ։





































