Նուբարաշենի աղբավայրում ինտենսիվությամբ շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը մանրամասնել է, որ ժամը 20։00-ի դրությամբ՝ հրդեհաշիջման գործողությունները շարունակվում են աղբավայրի մոտ 2 հա տարածքում։
«Օրվա ընթացքում օգտագործվել է շուրջ 374 տոննա ջուր, իրականացվել է շուրջ 300 երթ հողալցում՝ կրակի տարածումը կանխելու համար։ Բաց կրակ չկա, կան ծխացող օջախներ, ծխի ծավալը նվազել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 10 մարտական հաշվարկ և 3 օպերատիվ խումբ․ ընդհանուր՝ 77 փրկարար ծառայող, Երևանի քաղաքապետարանի ուժերը՝ ջրատարներով և ինժեներական տեխնիկայով։
Հոկտեմբերի 10-ի գիշերը Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ էր բռնկվել, որն ավելի ուշ մարվել էր: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ աղբանոցում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն էր, այլ դիտավորյալ հրկիզում: Նույն օրն աշխատանքից ազատվել էր «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ընկերության տնօրենի պաշտոնակատարը: Աղբավայրում հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Աղբավայրում հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսի 8-ին, շարունակվել մի քանի օր: Երկրորդ հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 15-ին։




































