Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն Էջմիածնի տոնի (հոկտեմբերի 8-ին-խմբ.) առիթով քաղաքի մուտքն ու կենտրոնական փողոցը ձևավորել է դրոշի գույներով, սակայն զերծ է մնացել դրոշն ամբողջական տեսքով ներկայացնելուց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Թերթի հաղորդմամբ՝ Մեխակյանը մտավախություն է ունեցել, որ դա կարող է դուր չգալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Միակ բանը, որ համայնքի ղեկավարությունը պահպանել է դրոշից՝ մանուշակագույնն ու դեղինն են, որոնցով «փորձել է տպավորություն ստեղծել, թե հարգում են հոգևոր քաղաքի պատմությունն ու բնակիչներին», նշել է լրատվամիջոցը։
Մինչդեռ դրոշի վրա Էջմիածնի զինանշանն է՝ ավելի քան 2000-ամյա պատմությամբ ու քրիստոնեական խորհրդանիշներով։ Բերդապարիսպը ներկայացված է որպես հայ ազգի քրիստոնեական հավատքի նկատմամբ նվիրվածության և օտար կրոնական պարտադրանքներին չենթարկվելու, իսկ խաչերը՝ քրիստոնեության խորհրդանիշներ։ Զինանշանի կենտրոնում «Էջմիածին», «Էություն» իմաստն արտահայտող «Է» տառն է՝ շրջապատված չորս քերովբեներով՝ հրեշտակներով։ Այն առաջին անգամ ծածանվել է 2007 թվականին։
Մամուլն օգոստոսին գրել էր, որ Մեխակյանը չի արդարացրել վարչապետի հույսերն Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ «մարդ հավաքելու» գործում։ Ըստ լրատվամիջոցների՝ մարզի ընդդիմադիր շրջանակները կարծում են, որ մեծ շանսեր ունեն հաղթելու նոյեմբերի 16-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում, եթե լավ պատրաստվեն:




































