Իրանը հետ է կանչել իր` Գերմանիայի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին Թեհրանում խորհրդակցությունների համար, հայտնել է Mehr գործակալությունը։
Ըստ հրապարակման՝ դա տեղի է ունեցել, երբ եվրոպական երեք երկրները փորձել են կիրառել արագ արձագանքման մեխանիզմը՝ վերականգնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախկինում չեղարկված պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ԱԽ-ի իր ելույթում հայտարարել է, որ երեք երկրների նախաձեռնություններն անվավեր են և իրավական ուժ չունեն։ Այդ քայլերը, ըստ նրա, անպատասխանատու են և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։
Ավելի վաղ Անվտանգության խորհրդում կայացած քվեարկությունից հետո Արաղչին ընդգծել էր, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման փորձերը չեն կարող հաջողություն ունենալ, քանի որ իրավական հիմքերից զուրկ են։ Միացյալ Նահանգները և երեք պետություն վետո էին դրել այս հարցի վերաբերյալ բանաձևի նախագծի վրա՝ որպես պատժամիջոցների վերականգնումը խթանելու միջոց։
Օգոստոսի 28-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել էին Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրով չեղարկված պատժամիջոցների վերականգնման գործընթացը: Իրանը և «Եվրաեռյակը» նախկինում մի քանի փուլով միջուկային հարցով բանակցություններ էին վարել։ Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել էր Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը կանխող բանաձևը։






































