Արմավիր քաղաքի «Արմավիր Գարդեն» հանրային սննդի կետում սնունդ ընդունելուց հետո 12 քաղաքացի «սննդային թունավորում» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության, հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է վերոնշյալ սննդի կետում սնկապուր, հավի թևիկներ, հավով աղցան և հավով պիցցա ուտելուց հետո։
Տեսչական մարմինն օբյեկտում առկա սննդամթերքից նմուշառում է կատարել՝ լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն դիմած քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։





































