Վերաքննիչ դատարանը մերժել է Սամվել Վարդանյանի վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագրի» նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորելու գործով («ավտոբուսի գործ»), դատավճռի դեմ դատախազության ու պաշտպանության բողոքները, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատական ակտը մնացել է անփոփոխ։ Փաստաբանը հավելել է, որ 2024թ. ապրիլի 15-ին Վարդանյանին խոշտանգելու փաստով քննվող վարույթով որևէ առաջընթաց չկա։
Մելիքյանը հիշեցրել է, որ Առաջին ատյանի դատարանը Վարդանյանին դատապարտել էր խուլիգանության «մեղմ» հոդվածով, իսկ թշնամանք հրահրելու «խիստ» հոդվածով արդարացրել էր։ Միաժամանակ, դատարանը վճռել էր պատիժ նշանակել 750 հազար դրամ տուգանքի չափով և, հաշվի առնելով 100 օր տևողությամբ տնային կալանքը, նրան ազատել պատժից։
2024-ի ապրիլի 15-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ Վարդանյանը հասարակական տրանսպորտում Ասլանյանին «հակահայ վիժվածք» էր անվանել և հայտարարել, որ իշխանությունները «հանձնում են հայրենիքը»։ Սիմոնյանը միջադեպը «խուլիգանական արարք» էր որակել։ Մելիքյանն ավելի ուշ հայտնել էր Վարդանյանի ձերբակալության մասին։





































