Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել թվային վարորդական իրավունքներն ու գրանցման վկայականները, կառավարության սեպտեմբերի 4-ի նիստում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ըստ նրա՝ վարորդական իրավունք ունեցող քաղաքացիներն այլևս որևէ պարտավորություն չունեն իրենց մոտ պլաստիկ վարորդական վկայական ունենալ, իսկ մինչ այդ գործում էր պատասխանատվության սկզբունքը, այսինքն՝ եթե չկար վկայականը ֆիզիկապես, վարորդը ենթարկվում էր վարչական պատասխանատվության։
«Մեր հանրության մեջ հայտնի տեխանձնագիրը ևս թվային միջավայրում հասանելի է, և կարևոր եմ համարում, որ եթե անձն առաջին անգամ է ձեռք բերում, ապա կարող է ընտրել պլաստիկ տարբերակով կամ թվային տարբերակով ստացումը։ Թվային տարբերակով ստանալու դեպքում կիսով չափ պակաս տուրք է վճարում, իսկ եթե նախընտրում է պլաստիկ վկայականի տարբերակը, ապա վճարում է մեկ անգամ և հետագայում կարողանում է օգտվել թվային ծառայությունների տարբերակից ևս»,- նշել է Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ մեքենաների առուվաճառքը նույնպես տեղափոխվել է թվային դաշտ։ Առաջին այդպիսի պայմանագիրը հաջողությամբ իրականացվել է կարճ ժամանակում։




































