Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ստացել են մեկ տարվա չվճարված կենսաթոշակները, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց լիազորված ներկայացուցիչը դիմել է ՄԻՊ-ին և հայտնել, որ տեղահանվելուց հետո անձինք բնակություն են հաստատել Հայաստանի մարզերից մեկում և նույն տարվա ընթացքում դիմել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ կենսաթոշակ նշանակելու նպատակով, սակայն առողջական խնդիրների պատճառով օրեր անց մեկնել են արտերկիր՝ չստանալով իրենց հասանելիք կենսաթոշակները։
Վերադառնալով Հայաստան՝ նրանք ներկայացել են Միասնական սոցիալական ծառայություն՝ կենսաթոշակ ստանալու դիմում ներկայացնելու համար, սակայն իրենց հայտնել են, որ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ նրանց տվյալներն արդեն առկա են։ Որոշ ժամանակ անց պարզել են, որ կենսաթոշակները բանկային քարտերին չեն փոխանցվել: Անձինք գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից ստացել են պատասխան, որ դիմումն անհրաժեշտ էր ներկայացնել սահմանված ժամկետում, ուստի կենսաթոշակը նշանակվելու է դիմելու ամսից։
Պաշտպանը նշված խնդիրը հասցեավորել է պետական իրավասու մարմնին: Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արդյունավետ համագործակցության շնորհիվ խնդիրը հասցեավորվել է, տրվել են համապատասխան լուծումներ և իրականացված հավելյալ ուսումնասիրության արդյունքում տեղահանված անձանց չվճարված կենսաթոշակները փոխանցվել են վերջիններիս, հայտնում են գրասենյակից։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա։ Ռազմական գործողությունների ավարտից հետո Արցախի ամբողջ բնակչությունը բռնի տեղահանվել էր։ Արցախից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի էր հասել ՀՀ։
Հուլիսի 1-ի դրությամբ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի ՀՀ քաղաքացիություն է շնորհվել: Օգոստոսի 22-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնել էր, որ Արցախից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարից։
Կարդացեք նաև՝






































