Դեկլարատիվ հայտարարությունների հետևանքները մոտակա ժամանակներում կտեսնենք, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը News.am-ին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորությունները։
Նա նշել է, որ Հայաստանի անվտանգության ապահովման փոփոխություններ չի տեսնում։
«Անվտանգության ապահովման հետ կապված փոփոխություններ, որպես այդպիսին, չեն կատարվել, կան միայն դեկլարատիվ հայտարարություններ։ Չեմ տեսնում որևէ բան, որն այս պահին կարելի է որպես հաջողություն ներկայացնել»,- շեշտել է նախկին նախարարը։
Տոնոյանը շեշտել է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններին գնահատական տալ կարելի է այն ժամանակ, երբ խաղաղության նախաստորագրված համաձայնագրի՝ անվտանգության ապահովման մասին հոդվածները կյանքի կկոչվեն իրականության մեջ։ Նա հավելել է՝ իր պատկերացումներից դուրս էին այս օրերին ձեռքբերված պայմանավորվածությունները։
«Իմ պատկերացումներն առնվազն արձանագրված էին նոյեմբերի 9-ի համաձայնություններով։ Արցախի, Լաչինի ճանապարհի կորուստը և այդ ամենը ես չէի պատկերացնում»,- ընդգծել է նա։
Հարցին, թե հավատո՞ւմ է Փաշինյանի խաղաղության դարաշրջանին (վարչապետի համոզմամբ՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կբացի նոր դարաշրջան-AT), Տոնոյանն ասել է․ «Ես ո՛չ հավատալու, ո՛չ էլ չհավատալու խնդիր չունեմ։ Այն ամենից հետո, ինչ ինձ հետ կատարվել է, այսօր այս իշխանությունից որևիցե մեկին հավատալու չունեմ»։
Նա նաև շեշտել է, որ «թավշյա հետապնդումն» իր նկատմամբ շարունակվում է։
Տոնոյանի՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների գործով դատավարությունը դեռ շարունակվում է։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) տրանսպորտային երթուղի: Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։
Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։
Կարդացեք նաև՝
ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան






































