Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունը գլխավորում է արդեն ութերորդ տարին։ Իշխանությունները վստահեցնում են, որ այս ընթացքում տարբեր ոլորտներում իրականացրել են բարեփոխումներ, որոնք շարունակվում են։
Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի 2024 թվականի հունիսին անցկացված հարցման՝ Հայաստանի բնակչության 44 տոկոսը երկրի գլխավոր խնդիր է համարում ազգային անվտանգության և սահմանների հարցերը։ 14 տոկոսը նշել է գործազրկությունը, 12 տոկոսը՝ քաղաքական անկայունությունը, իսկ 11 տոկոսը՝ սննդամթերքի և ծառայությունների բարձր գները։
Armenia Today-ի նկարահանող խումբը Երևանի փողոցներում հարցրել է քաղաքացիներին՝ ի՞նչն են համարում Հայաստանի ամենամեծ խնդիրը և ինչպե՞ս են տեսնում դրա լուծումը։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ ամենամեծ խնդիրը համերաշխության բացակայությունն է, այդ խնդիրը չեն կարողանում լուծել 100-200 տարի։
«Մեր բոլոր դժբախտությունների պատճառը դա է։ Պետք է Հայաստան-Սփյուռք ժողով կազմակերպել, հավաքվել, տեսնել ի՞նչն է մեզ խանգարում, ինչը՝ միավորում, թե չէ այս մի կտոր հողն էլ կկորցնենք»,- ասել է նա։
Հարցվողներից մեկը ևս համակարծիք էր․ նրա խոսքով՝ միասնականություն չկա․ «Բոլոր անհատները, կուսակցությունները պետք է ինքնագիտակցության գան։ Կարևորը հայրենիքի փրկության խնդիրն է»։
Մեկ այլ քաղաքացի նշել է, որ պետք է խաղաղություն հաստատել և ավելացնել հավատը։ Մյուսի կարծիքով՝ ղեկավարությունը թույլ է։
Մի կնոջ խոսքով՝ ամենամեծ խնդիրը Մեղրիի հարցն է։ Մյուսների կարծիքով ևս անվտանգության խնդիր կա։ Հարցվողներից մեկն էլ հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր կկնքվի և բոլոր հարցերը կլուծվեն։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ Հայաստանում մեծ խնդիր է աշխատանքի բացակայությունը, լինելու դեպքում էլ վարձատրությունն է քիչ։
Հարցման մասնակիցներից ոմանց կարծիքով էլ՝ կան բերափոխումներ, որոնք ուրանալ պետք չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։