Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելությունը մտահոգություն է հայտնել Քաբուլում կանանց և աղջիկների ձերբակալությունների վերաբերյալ, որոնք, ըստ իշխանությունների, խախտել են հիջաբի կանոնները, հայտնել է Euronews-ը։
Ըստ կազմակերպության՝ հուլիսի 16-19-ը բազմաթիվ կանայք են ձերբակալվել, սակայն դեռևս չեն հրապարակվել ձերբակալվածների թվի, նրանց տարիքի և պահման վայրի մանրամասները։ Հայտարարության մեջ ասվում է, որ նման միջոցառումները մեծացնում են կանանց մեկուսացումը, ստեղծում վախի մթնոլորտ և խաթարում հանրային վստահությունը։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները թալիբներին կոչ են արել վերացնել կանանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, այդ թվում՝ կրթության արգելքը։
2021 թվականին իշխանության վերադառնալուց ի վեր թալիբները խստացրել են կանանց արտաքին տեսքի և վարքագծի նկատմամբ վերահսկողությունը։ Իշխանությունները պահանջում են, որ նրանք ծածկեն իրենց ամբողջ մարմինը, այդ թվում՝ դեմքը, խախտումները կարող են հանգեցնել ձերբակալության։ 2024 թվականի հունվարին Բարոյականության նախարարությունը հայտնել էր Քաբուլում «հիջաբ կրելու» համար ձերբակալությունների մասին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ի՞նչ է ներառում այդ սահմանումը։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի սկզբին Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որ պաշտոնապես ճանաչեց Աֆղանստանի երկրորդ իսլամական էմիրությունը։