ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով մեղադրյալ Սասուն Առուշանյանը երկու ամսով կալանավորվել է, տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Հուլիսի 18-ին ԱԱԾ-ն բացահայտել էր Խորխոռունու սպանությունը, որը տեղի էր ունեցել 1998 թվականին։
Հուլիսի 19-ին մամուլը գրել էր, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Խորխոռունու սպանության գործում, որը տեղի էր ունեցել 27 տարի առաջ։ «Հրապարակ» օրաթերթը նշել էր, որ սպանության գործով մեղադրվում է Բաբայանի թիկնազորի նախկին պետ Առուշանյանը, որն Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի գործով Բաբայանին առաջադրված մեղադրանքում դերակատարում էր ունեցել։
Թերթի տեղեկությամբ՝ եթե Բաբայանը 2026-ի ընտրություններից առաջ ոչ իշխանահաճո քայլեր անի, ապա նրան էլ այդ գործում կներգրավեն։
Բաբայանը Factor.am-ին հերքել էր, որ Առուշանյանն իր թիկնազորի պետն է։ Նրա խոսքով՝ թիկնապահ չի ունեցել, հետևաբար թիկնազորի պետ էլ չէր կարող ունենալ։ Բաբայանը նշել էր, որ Առուշանյանը շտաբի ծառայող էր, սպա։