Փաստաբան, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ահազանգել է անչափահաս երեխաներ, այդ թվում՝ մի քանի ամսական երեխա ունեցող կնոջը կալանավորելու մասին։
Փոստանջյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է կինը դատական նիստից հետո, գտնվելով հոգեպես ճնշված վիճակում, լաց լինում ու ասում՝ «ինչպե՞ս կարող են երեխային մորից զրկել»։
Փոստանջյանը նշել է, որ «դատավորի որոշումը որևէ հիմք չունի»։
«Խեղճ աղջկան երեք ամսով կալանավորում են այն բանի համար, որ ինչ-որ մի անգամ դատական նիստի չի եկել»,- նշել է Փոստանջյանը՝ դատարանը որոշումը համարելով անարդար։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնել է, որ կինը 3 երեխա ունի, փոքրն ութ ամսական է։ Նա տեղեկացրել է, որոշումը կայացրել է դատավոր Արշակ Մաթևոսյանը։ Պտագամավորի փոխանցմամբ՝ կինը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 470 հոդվածով նախատեաված անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակության համար:
«Գործը նախնական դատաքննության փուլում է: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը, սակայն, քանի որ կինն ապրում է վարձակալած տանը, սեփականատերը հրաժարվել է թույլ տալ, որ իր տանը կրի տնային կալանքը: Իսկ դատարանն ի՞նչ է անում դրա փոխարեն՝ 3 ամսով կալանք: Հիմա այս կնոջը 8 ամսական երեխայի հետ պետք է տեղափոխեն կալանավայր, ուրիշի հոգացությանը չի կարող թողնել»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ գործով անցնող մյուս մեղադրյալները կալանավորված չեն: