Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ, տեղեկացնում է ՍԱՏՄ-ն։
Նշվում է, որ ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:
«Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են»,- հայտնել է տեսչական մարմինը:
Ընգծվել է, որ առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ Նման խնդիրներ հայտնաբերվել են նաև բուսական այլ արտադրանքի տեսակների մեջ։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակ էր ուղղել Հայաստանի վերահսկող մարմիններին՝ հորդորելով ուժեղացնել վերահսկողությունն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ, հակառակ դեպքում՝ հունիսի 16-ից Ռուսաստանում կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել Հայաստանից ծաղկի մատակարարումների վրա։
Հուլիսի 9-ին ծաղկագործները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ՝ բարձրաձայնելով արտահանման խնդիրների մասին։ Նրանք հայտարարել էին, որ վարչապետի աշխատակազմին դիմում են ներկայացրել, որի նպատակն է պարզել, թե որտեղից են արտահանման խնդիրներ առաջացել։ Նրանց պատասխանել են, որ մեկ ամսվա ընթացքում կարձագանքեն։