ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հանձնել Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ ռուսական լրատվամիջոցներում հրապարակված նյութերի և Պետդումայի որոշ պատգամավորների հայտարարությունների հետ կապված, հայտնել է նախարարությունը՝ ի պատասխան Radar Armenia կայքի հարցման։
Մասնավորապես, նշվում է, որ բողոք է արտահայտվել «ռուսական լրատվամիջոցներում Հայաստանի կառավարության դեմ իրականացվող անբարյացակամ, հաճախ թշնամական քարոզչության» կապակցությամբ։ Գերատեսչությունն ընդգծել է, որ այս «քարոզչությունը սնվում է որոշ պաշտոնյաների, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի անդամների, լրատվամիջոցների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հայտարարություններով»։
Արտաքին գործերի նախարարությունը «բացարձակապես անընդունելի» է անվանել Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ուղիղ եթերում հեռարձակված վիրավորական արտահայտություններն ու հարձակումները Հայաստանի կառավարության գործունեության վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք հանգեցնում են երկու երկրների միջև վերջերս տեղի ունեցած բարձր մակարդակի այցելությունների դրական արդյունքների չեզոքացմանը։
«ՀՀ իրավապահ մարմինների կողմից պետական հեղաշրջման փորձի կանխման օրինական գործողությունների վերաբերյալ ՌԴ Պետական դումայի առանձին պատգամավորների մեկնաբանություններն ու հայտարարությունները ոչ միայն զարմանք, այլև վրդովմունք են առաջացնում»,- ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ խոսքը վերաբերում է այն հայտարարություններին, որոնց համաձայն՝ պետական հեղաշրջման փորձի գործով ձերբակալությունները Հայաստանի իշխանությունների կողմից «ևս մեկ անբարյացակամ քայլ» են:
Գերատեսչությունն այս հայտարարություններն անվանել է «անհեթեթ»՝ ընդգծելով, որ դրանք «կոպիտ միջամտություն են Հայաստանի ներքին գործերին»։
«Ավելին, թվում է, թե նման տեղեկատվական քաղաքականությունը իրականացվում է նպատակաուղղված՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը, օրինականությունը և սահմանադրական կարգը խաթարելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ։
Նախարարությունը ՌԴ գործընկերներին կոչ է արել անհապաղ և գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ նկատմամբ վերոնշյալ ոչ բարեկամական դրսևորումները դադարեցնելու համար: