ՀԷՑ-ը հերքել է իր գործունեությանն առնչվող որևէ հանձնարարական ստանալու մասին տեղեկությունը։
Ըստ հրապարակման՝ ընկերությունը մշտապես կապի մեջ է ՀՀ կառավարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ:
«Մայիսի 20-ից մինչև հունիսի 18-ը բազմաթիվ շփումներ են տեղի ունեցել ՀԷՑ ընկերության և նշված կառույցների հետ, սակայն որևէ հանձնարարականի ակնարկ անգամ ընկերությունն իր գործունեության հետ կապված չի ստացել»,- պարզաբանել են ընկերությունից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սպառնացել է հուլիսին աշխատանքից ազատել ՀԷՑ-ի այն աշխատողներին, որենք զբաղված են «քաղաքական խարդավանքներով»։
ՀԷՑ սեփականատեր Սամվել Կարապետյանի շուրջ գործողությունների ֆոնին՝ վարչապետը հունիսի 18-ին հայտարարել էր, թե հասունացել է գործարարին պատկանող ընկերությունն ազգայնացնելու պահը, ապա հայտնել, որ դրա պետականացման պլանը պատրաստ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին խորհրդարանում ներկայացրել է ՀԷՑ-ին առնչվող օրինագիծը, որը, ըստ ընդդիմադիր պատգամավորների, «Տաշիր» ընկերությունների խմբի կալանավորված նախագահ Կարապետյանին պատկանող ընկերությունը «խլելու» նպատակ ունի։