Բժիշկ-ռադիոլոգը մեղադրվում է զորակոչիկին զինծառայությունից ազատելու համար բժշկական փաստաթուղթ կեղծելու մեջ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Ըստ ՔԿ-ի՝ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, որը հիմք է տվել զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովին արձանագրել, թե ՀՀ կառավարության հաստատած ցանկի համաձայն՝ Լ.Մ.-ն պիտանի չէ զինվորական ծառայության համար։
Ախտորոշման իսկությունը պարզելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Նշվում է, որ եզրակացության համաձայն՝ զորակոչիկի մոտ նման հիվանդություն չի հայտնաբերվել, որով էլ հիմնավորվել է բժշկի կողմից կեղծ բժշկական փաստաթղթի պատրաստման փաստը։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում):
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: