ՀԷՑ-ի պետականացումը մասնավոր բիզնեսի խլում չէ, օրենսդրությամբ բոլոր հիմքերը սահմանված են, լրագրողներին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա՝ կառավարությունը միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի իրացումն է ապահովելու։
«Բազմաթիվ օրենքներ ունենք, որոնք ենթադրում են պարտավորություն պետության, մասնավորի, մարդու, քաղաքացու նկատմամբ։ Մենք չենք կարող մեկ մարդու շահը գերադասել հազարավոր, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց շահերից»,- նշել է նախարարը։
Պապոյանի խոսքով՝ չի կարելի մեկ մարդու ասել՝ դու ինչ ուզես կարող ես անել, իսկ հազարավոր տնտեսվարողներ, բիզնեսներ, հարյուր միլիոնավոր դոլարներ կորցնեն, մնան առանց լույսի, իսկ պետական կառավարման համակարգը պարալիզացվի։ Ըստ նրա, երեկ՝ հունիսի 25-ին, Էկոնոմիկայի նախարարությունում կես ժամը մեկ լույսերն անջատվել-միացել են։
«Գործարարներից մեկից տեղեկություն եմ ստացել, որը նոր տեխնոլոգիաներ է գնել և պարբերաբար ՀԷՑ անջատումների հետևանքով դրանք փչացել են, որովհետև ոչ մի ճապոնացի չի կարող պատկերացնել, որ օրը 5 անգամ կարող է լույսն անջատվել-միանալ»,- նշել է նախարարը։
Փաշինյանը ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին հայտարարել էր, երբ ՀԷՑ-ի սեփականատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները: Կարապետյանի հայտարարություններից հետո նրա տանը խուզարկություններ էին կատարվել։ Հետո նրա նկատմամբ քրեական հետապնդում էր սկսվել իշխանությունը զավթելու կոչեր անելու մեղադրանքով։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել էր նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀԷՑ-ին խախտումների համար 10 մլն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։
Հունիսի 19-ին դատարանը երկու ամսով կալանավորել էր «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին։ Կարապետյանին, ում ընկերությունը ՀԷՑ-ը գնելուց ի վեր շուրջ 700 մլն դոլար է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրել էր ժողովրդին վնաս հասցնելու և դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։
Կարդացեք նաև՝