2018 թվականից քրեական հետապնդումների գործընթացում գտնվող ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործով նախաքննությունն ավարտվել է, գործը դատարան կհասնի առաջիկա օրերին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Աբրահամյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության տեսադաշտում է հայտնվել այն բանից հետո, երբ Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին և միասին տեսակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Աբրահամյանին կասկածում են հեղաշրջման փորձի համար, հավելել է լրատվականը։
Դատարանը հունիսի 14-ին մերժել էր Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը։
Հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարիա Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Աբրահամյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։
2023թ. ապրիլին Գլխավոր դատախազությունը հայտնել էր Աբրահամյանին առնչվող ևս մեկ գործի մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար:
Դատախազությունն Աբրահամյանից, նրա կնոջից, որդուց, դուստրերից, իրեն փոխկապակցված այլ անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործն ընդունել էր վարույթ: Գլխավոր դատախազությունը պահանջ էր ներկայացրել դատարանին վերոնշյալ անձանցից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 59 անշարժ գույք, 4 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր: