Ռուսաստանի Կալուգայի մարզում արդյունաբերական արտադրանքի ծավալը փաստացի երկու անգամ ավելին է, քան ամբողջ Հայաստանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանին ի պատասխան՝ հայտարարել է շրջանի ղեկավար Վլադիսլավ Շապշան, որի խոսքերը մեջբերել է լրագրող Կոնստանտին Պրիդիբայլոն։
Փաշինյանը գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մեկնաբանել էր «սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի» արտահայտությամբ:
Հայաստանի արդյունաբերական արտադրությունը տարեկան մոտ 6 մլրդ դոլար է։ Կալուգայի շրջանը Ռուսաստանի ամենամեծ ավտոմոբիլային կենտրոնն է, խոշոր գործարաններով՝ Volkswagen, Volvo, GE, Samsung, որի արդյունաբերական արտադրանքի ծավալը գնահատվում է տարեկան 1 տրիլիոն ռուբլի (մոտ 13 միլիարդ դոլար):
Ռուսաստանի քաղաքացի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը սուր արձագանք է առաջացրել բազմաթիվ ռուս գործիչների մոտ: Հայաստանի իշխանությունների նման գործողությանը դեմ են հանդես եկել հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և այլոք: