Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեն «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։
«Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել իրավապահ մարմինների հակաիրավական գործողությունները կանխելու համար, աջակցել քաղաքացու և հավատացյալ քրիստոնյայի իրավունքները պաշտպանելուն»,- գրել է կոմիտեի ռուսական բաժնի փոխնախագահ Իվան Մելնիկովը։
Դիմելով Վարդապետյանին՝ Մելնիկովն ասել է՝ «չեմ կասկածում, որ դուք պետք է իմանաք խոսքի ազատության, մարդու իրավունքների և ազատությունների գինը»։
Կարապետյանը հունիսի 17-ին մեկնաբանել էր Հայ Առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների արշավը, որից հետո Ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները խուզարկություններ էին սկսել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի տանը՝ Երևանում։
ՆԳՆ-ից Armenia Today-ին մեկնաբանել էին, որ Կարապետյանի առանձնատան մոտ «մի խումբ անձինք բերման են ենթարկվել, իրականացվում են օպերատիվ գործողություններ»։ Գործարարի եղբայրը՝ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը, հայտնել էր, որ ավելի քան 45 անձ է բերման ենթարկվել, այդ թվում՝ ձեռքի կոտրվածքներով։ Կարապետյանի առանձնատան մոտ հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքվել՝ աջակցություն հայտնելու նրան։
Հունիսի 18-ի գիշերը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին իր տնից բերման էին ենթարկել ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
«Ես մեր եկեղեցու, մեր ժողովրդի կողքին եմ, ինչքան էլ փորձեն սևացնել։ Թքած ունեմ ցանկացած ՀԷՑ-երի վրա, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդն իր խոսքը կասի, իրենք հասկանալու են: Չմոռանաք, բոլորին դաս կտանք»,- նախքան ոստիկանություն տեղափոխվելը՝ իր տան մոտ, հայտարարել էր Կարապետյանը:
Armenia Today-ի տեղեկություններով՝ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քննչական գործողություններից հետո Կարապետյանին տեղափոխել են Քննչական կոմիտե: ՔԿ-ն այս մասին մեր հարցմանը դեռ չի արձագանքել: