Ադրբեջանը Հայաստանին վերադարձնելու տարածքներ ունի, ոչ թե վերցնելու, Armenia Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային միության կազմի մեջ մտել է 31 000 քառակուսի կիլոմետրով, և այս պարագայում ինչ-որ բան պահաջելու իրավունք մենք ունենք, ոչ թե իրենք»,- նշել է նա։
Պատգամավորի խոսքով՝ նույնիսկ ադրբեջանիցներն այնպիսի ջերմեռանդությամբ չեն պաշտպանում իրենց տեսակետն, ինչքան ՔՊ պատգամավորները։
«Փաստացի՝ մենք գիտենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածքից գրավել է հատվածներ Ջերմուկի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում։ Այսինքն՝ այս ամենը մոռանանք, դնենք մի կողմ, Ադրբեջանից չպահանջենք այդ տարածքները, որ հետ վերադարձնի՝ մենք նորանոր տարածքներ տա՞նք»,- շեշտել է պատգամավորը։
Դանիելյանի պնդմամբ՝ Տավուշի 4 գյուղի դիմաց ՀՀ-ն ոչինչ չի ստացել։
«Իշխանությունները եկել են, տեղի բնակիչներին ահաբեկել, որ չտաք՝ մորթելու են ձեզ։ Հիմա էլ ուզում են այդ պատն ու փշալարը ծախել ժողովրդի վրա»,- պատմել է պատգամավորը։
Պատգամավորը նշել է, որ «20 մետրանոց պատն ու փշալարը չեն կարող ապահովել ՀՀ անվտանգությունը»։ Նրա փոխանցմամբ՝ օրեր առաջ տեղում կրակոցներ են հնչել։
«Մի քանի օր առաջ Տավուշի գյուղերում Ադրբեջանն ինտենսիվ կրակում էր՝ Պառավաքար, Այգեձոր, Մովսես գյուղերում և այլն։ Այսինքն՝ այդ «սահմանազատված սահմանագծված» գյուղերից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ։ Իսկ թշնամին ի՞նչ է անելու, տարբերակելո՞ւ է՝ Կիրանցի հատվածո՞ւմ է, թե՞ ոչ։ Կամ այդ տարածքները, որ մի քանի շերտ պաշտպանություն էր, այդ հատվածը կազմաքանդել են և շարունակում են կազմաքանդել՝ ականապատ տարածքներ, ստրատեգիական դիրք ունեցող բարձունքներ»,- տեղեկացրել է Դանիելյանը։
Փետրվարի 27-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը շարունակվելու է Տավուշի հյուսիսային հատվածից։
Սահմանազատման հանձնաժողովների 11-րդ հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 16-ին, որի ժամանակ կողմերը համաձայնվել էին սահմանազատման աշխատանքներ սկսել հյուսիսային հատվածից՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և, այնուհետև, հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանն Իրանի հետ։
Հոկտեմբերի 23-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ վավերացրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը։ ԱԺ ընդդիմությունը հոկտեմբերի 22-ի նիստում բոյկոտել էր սահմանազատման կանոնակարգի քննարկումն ու քվեարկությունը։