Իրանն ԱՄՆ-ից գրավոր առաջարկ չի ստացել հնարավոր միջուկային գործարքի վերաբերյալ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին X-ում գրել է, որ «ոչ ուղղակի, ոչ անուղղակի» առաջարկներ չեն ստացվել:
«Հաղորդագրությունները, որոնք մենք և ամբողջ աշխարհը շարունակում ենք ստանալ, շփոթեցնող և հակասական են: Իրանը, այնուամենայնիվ, մնում է վճռական և շիտակ. հարգեք մեր իրավունքները և չեղարկեք ձեր պատժամիջոցները, և մենք գործարք կկնքենք»,- գրել է նա:
Նախարարը շեշտել է, որ Իրանը ողջունում է փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսությունը և մերժում է ցանկացած թելադրանք։
Այսօր ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում կանգնած է կարևոր որոշման առջև՝ Թեհրանի կողմից միջուկային զենք մշակելու ջանքերը կասեցնելու համար։
Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին, 19-ին, 26-ին և մայիսի 12-ին Օմանի միջնորդությամբ բանակցությունների չորս փուլ էին անցկացրել՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու նպատակով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը պատրաստ է առավելագույն ճնշում գործադրել Իրանի վրա և զրկել նավթ արտահանելու հնարավորությունից, եթե երկու կողմերին չհաջողվի պայմանավորվածություն ձեռք բերել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ: