Գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանին բերման են ենթարկել ու կալանավորել գիշերազգեստով ու հողաթափերով, հայտնել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ մանրամասնելով Աղեկյանի ձերբակալությունը։
Աղեկյանը ձերբակալվել էր մայիսի 8-ին։ Նրան զրկել էին իր նախընտրելի պաշտպանից՝ տրամադրելով հանրային պաշտպան։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանը նաև հայտնել էր, որ խոշտանգման հետևանքով լրագրողին հիվանդանոց են տեղափոխել։
«Երկու օր առաջ Գյումրու Կումայրիի բաժնի շուրջ 8 աշխատակից ներխուժել է Լիլիթի բնակարան, վերջինիս 78-ամյա մոր աչքի առաջ, բռնի ուժ գործադրելով, ոլորելով ձեռքերը նրան գիշերազգեստով ու հողաթափերով բաժին են տարել»,- գրել է պատգամավորը։
Խամոյանը նաև նշել է, որ լրագրողը մեղադրվում է խուլիգանության համար՝ 1 ամիս առաջ դատական նիստի ժամանակ դատավոր Հայկ Աղաքարյանին կոռուպցիոներ անվանելու համար։
«Ու սա երկրում, որի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը դատավորներին վնգստացող է անվանել, դեռ մի բան էլ դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչ արել»,- հիշեցրել է պատագամավորը։