Կիևի իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռազմական գործողություններն ընթացիկ շփման գծի երկայնքով՝ 30 կմ ապառազմականացված գոտու ձևավորման դեպքում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց Կիտ Քելոգը, փոխանցում է Fox News-ը։
«Ուկրաինացիները ցանկանում են հրադադար ընթացիկ դիրքերով, նաև ցանկանում են սահմանել ապառազմականացված գոտի»,- ասել է Քելոգը:
Նա նշել է, որ Կիևը դիտարկում է ուկրաինական բանակի 15 կմ նահանջը և ակնկալում, որ ԱՄՆ-ն կհամոզի Ռուսաստանին անել նույնը:
«Ստացվում է 30 կիլոմետրանոց գոտի, որին կարելի է հետևել»,- հավելել է հատուկ բանագնացը։
Նա նաև նշել է, որ Կիևը կցանկանար հաստատել «առնվազն 30-օրյա հրադադարի համապարփակ ռեժիմ՝ երկարաձգման հնարավորությամբ»: Քելոգի խոսքով՝ ԱՄՆ-ն «իրական հնարավորություն ունի» Ուկրաինայի հակամարտությունում հրադադարի հասնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի 80-ամյակի օրերին Ուկրաինայի հետ պատերազմում հրադադար էր հայտարարել։ Հրադադարը, ըստ այդ առաջարկի, պիտի սկսեր գործել մայիսի 8-ից՝ ՌԴ ժամանակով ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ-ի կողմից հրադադարի մասին առաջարկն անվանել էր ուղիղ բանակցությունների սկիզբ։ Ուկրաինայի նախագահը, մերժելով դա, առաջարկել էր 30-օրյա զինադադար հաստատել։