Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության տարբեր ասպեկտներ, տեղեկացրել է Վրաստանի նախագահը։
«Խոսեցինք Վրաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության, երկարամյա բարեկամական հարաբերությունների մասին։ Ողջունեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, որը պատմական քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ուղղությամբ»,- գրել է Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահը հույս է հայտնել, որ Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների եռակողմ հանդիպման ձևաչափով, համատեղ ջանքերով, կկարողանան արդյունավետ համագործակցել տարածաշրջանի բարգավաճման համար։
Կավելաշվիլին Հայաստան է ժամանել ապրիլի 28-ին։ Այսօր Հայաստանի և Վրաստանի նախագահները ԶԼՄ-ների համար հանդես են եկել հայտարարություններով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Թբիլիսին շարունակում է խորացնել Երևանի հետ կապերը։