Իշխանություններն օրինագծի միջոցով կտուգանեն տրանսպորտի համար չվճարող քաղաքացիներին, լրագրողներին հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Ըստ նրա՝ դա վառ ապացույցն է, որ իրենց բոյկոտը տրանսպորտի թանկացման դեմ կայացել է։
Ըստ Թևանյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի հասնել տուգանքներին՝ օրենսդրական փոփոխություններ մտցնելով։ Նա մանրամասնել է, որ իշխանությունները հասարակական տրանսպորտի ուղեվարձը կնույնացնեն տեղական տուրքի հետ։ Դաշինքի առաջնորդի պարզաբանմամբ՝ այսպիսով կկանխեն թանկացման դեմ հանրաքվեի անցկացումը, որի համար իրենք արդեն 17 000 ստորագրություն են հավաքել։
Թևանյանը շեշտել է՝ ճանապարհածախսի ինքնարժեքը տատանվում է 65 դրամի սահմաններում, ինչն իրենք հիմնավորել են իշխանությունների կողմից ներկայացված տվյալներով։
«Իշխանություններն ասում են, որ օրական ուղևորահոսքը տատանվում է 200-250 հազարի սահմաններում, ինչը վկայում է այն մասին, որ ստվերը շարունակում է մնալ 50 տոկոսից բարձր մակարդակի վրա»,- նշել է Թևանյանը։
Նա խորհրդարանական ընդդիմությանը, որն այսօր ԱԺ-ում հանձնաժողովի նիստի է, կոչ է արել այս հարցերը բարձրացնել օրինագծի քննարկման ժամանակ։
Մարտի 27-ին կառավարությունը հավանություն էր տվել նախագծին, որով Երևանում տրանսպորտային ծառայությունից առանց վճարման օգտվողները կտուգանվեն սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: