Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 7-ից և 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի մի քանի փողոցում, հայտնել է Երևանի քաղաքապետարան մամուլի ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ ապրիլի 7-ին Իսակովի պողոտա-Առնո Բաբաջանյան փողոց խաչմերուկում և Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կփոխվի: Մասնավորապես՝ Իսակովի պողոտայում՝ Էջմիածինից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Լենինգրադյան փողոցից երրորդ երթևեկելի գոտուց նախկին «ուղիղ և դեպի ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ձախ» ուղղությունով, հայտնել է քաղաքապետարանը:
Ապրիլի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում՝ Պռոշյան փողոցից ձախ շրջադարձը դեպի Դեմիրճյան փողոց կարգելվի:
Նույն օրը երթևեկության փոփոխություն կկատարվի Աբովյան փողոցում և Սայաթ-Նովայի պողոտայում: Աբովյան-Աղայան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան փողոց-Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը, ինչպես նաև Սայաթ-Նովա պողոտայում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմացից մինչև Սայաթ-Նովա պողոտա – Տերյան փողոց խաչմերուկ կարգելվի մեքենանների կանգառը:
Նշված է, որ ճանապարհահատվածները կգծանշվեն և կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ։