Գյումրու ավագանու ընտրությունների դեբատի ընթացքում քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանն Արցախի մասին հնչեցրել է հայտարարություն, որով տարանջատում է մտցնում արցախցիների և գյումրեցիների միջև, հայտարարել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ը՝ դատապարտելով և մերժելով նման գործելաոճն ու թեզերի տարածումը։
«Մինասյանի արտահայտություններն ուղիղ իմաստով ջուր են լցնում թշնամու ջրաղացին և օգնում նրանց նպատակների իրականացմանը՝ այն է տարանջատել և մասնատել Հայաստանն ու հայերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Գյումրին ՀՀ-ում իր մեծությամբ երկրորդն է, ուստի կարևոր է, որ գյումրեցին իր ընտրությունը կատարի միասնականության և համախմբման կոչով հանդես եկող թեկնածուների միջև, ուշադրություն դարձնի նրանց հայանպաստ գործունեությանը։
«Հենց Գյումրիում այսօր Արցախից Հայաստան տեղափոխված հազարավոր մեր հայրենակիցներ մշտական բնակություն են հաստատել, ապրում են գյումրեցիների հետ, որոնցից ճնշող մեծամասնությունը նրանց ընդունել է գրկաբաց, և առնվազն տարօրինակ է լսել նման մեկնաբանություն»,- ասվում է հայտարարությունում:
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ երիտասարդները քաղաքապետի բոլոր թեկնածուներին հորդորում են առավելագույնս զգույշ և ուշադիր լինել իրենց հնչեցրած հայտարարություններում և տարանջատում չմտցնել արցախցիների ու գյումրեցիների, երևանցիների ու աշտարակցիների միջև, քանի որ բոլորս մեկ ազգ ենք՝ հայ։