Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել արցախցի, 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նա մանրամանել է, որ երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք է գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տան ոսկեղենը։
Երիցանի խոսքով՝ տուժողի հետ որպես վերջինիս ուղեկցող ոստիկանություն ներկայացած Ուլուբաբյանին հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։
«Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»: Վերջինիս քաշելով տեղափոխել են այլ աշխատասենյակ, որտեղ էլ թվով 6 ոստիկան ոչ միայն ֆիզիկական բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել են տղայի վրա, քաշել ու պոկել մազերը, ինչպես նաև հասցրել տարբեր բնույթի հայհոյանքներ»,- գրել է փաստաբանը։
Նա նաև նշել է, որ յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։ Երիցյանը հայտնել է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել։
Նա հորդորել է ՀՀ քննչական կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել դեպքի առթիվ։
«Տիգրանի հայրն ու հարազատ եղբայրն Արցախում զոհվել են, իսկ մայրը՝ մահացել։ Չնայած Տիգրանն ընտանիքի միակ արու զավակն է, սակայն վերջինս մասնակցել է և՛ քառօրյա, և՛ քառասունչորսօրյա, և՛ արցախյան վերջին պատերազմներին»,- հավելել է Երիցյանը։