ՆԳՆ ոստիկանության անունից էլեկտրոնային փոստի միջոցով կեղծ հաղորդագրություններ են տարածվում, հայտնում է նախարարությունը։
«Հաղորդագրություններում նշվում է, թե իբր ձեր համակարգչից մուտք եք գործել որոշ կայքեր, պահպանել տեսանյութեր և նկարներ, ինչպես նաև տարածել դրանք»,- մանրամասնել են գերատեսչությունից։
Նշվում է, որ խարդախները պահանջում են 24 ժամվա ընթացքում վճարել 400 000 դրամ՝ իբր դատական գործից խուսափելու համար։
«Սա խարդախություն է և չի համապատասխանում իրականությանը։ Եթե ստացել եք նման հաղորդագրություն, մի՛ պատասխանեք և մի՛ փոխանցեք գումար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հորդորել է անտեսել կասկածելի հաղորդագրությունները, զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց:
Այսօր ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ երկու անձ ֆեյսբուքյան կեղծ էջով հափշտակել են 10,5 մլն դրամ։