Փետրվարի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ պատգամավորների և նախարարների հետ փակ հանդիպմանը երկու ժամ խոսել է Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների ապագայի մասին, հայտնել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով ՔՊ-ում իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանն այս անգամ լարված չէր, հնչող հարցերին հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, այլ պետք է փորձեն Ադրբեջանի առաջարկները երկար քննարկել, նոր պատասխանել: Նա վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա։
Թերթի աղբյուրի խոսքով՝ Փաշինյանը, սակայն, ոչ մի հարցի հստակ պատասխան չի հնչեցրել: Թիմակիցներն այնպիսի տպավորություն են ստացել, որ վարչապետն իրենց չի վստահում և չի բացում փակագծերը՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց ամբիոններից:
Փաշինյանը 2024 թվականի դեկտեմբերի 19-ին խոսել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածի վերաբերյալ Բաքու ուղարկված Հայաստանի առաջարկների մասին։
Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի 17 կետից մնում է համաձայնեցնել 2-ը՝ Միջազգային դատարաններում կողմերի փոխադարձ պահանջներից հրաժարվելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչների տեղակայման արգելքի վերաբերյալ։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել էր, որ Երևանը չունի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ վերցնելու որոշում, նա շարունակում է համապատասխան ընթացակարգերով պահանջվող քայլերը՝ դրանց քննարկումն ապահովելու համար։
Նոյեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ եթե Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է փոխադարձության սկզբունքով հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային պահանջներից։