Ձյան առատ տեղումները Հայաստանի ամբողջ տարածքում սկսվել են փետրվարի 19-ին և շարունակվել մինչև փետրվարի 23-ը: Փետրվարի 21-ին Հայաստանի ապահովագրողների միությունը հայտնել էր, որ ԱՊՊԱ պայմանագրերն սպասարկող ապահովագրական ընկերությունները մեկ օրում ավելի քան 1000 վթար են գրանցել:
Փետրվարի 24-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ «առատ ձյան ժամանակ խցանումների 80%-ը պայմանավորված էին այն հանգամանքով, որ վարորդներն ամառային անվադողերը չէին փոխարինել ձմեռայինով»։
Armenia Today-ի նկարահանող խումբը երևանցիներից հետաքրքրվել է, թե մայրաքաղաքում ձյան պատճառով ստեղծված տրանսպորտային կոլապսի համար ո՞ւմ են պատասխանատու համարում։ Հարցրել ենք նաև, թե կիսո՞ւմ են արդյոք Ավինյանի կարծիքը, թե ձյան տեղումներին պետք է պատրաստ լինեն ոչ միայն պատասխանատու կառույցները, այլև վարորդները:
Հարցվածների մի մասն ասաց, որ ձյան տեղումների պատճառով ստեղծված իրավիճակում մեղավոր են պատկան մարմինները, քանի որ ձնամաքրման աշխատանքները պատշաճ չեն կատարել։
«Ավինյանն ամեն ինչ կանի, որ իրեն չմեղադրեն։ Պատկան մարմինների ղեկավարների բակերը մաքրված են, իսկ մեր բակերն ավտոմեքնենաների անիվներով են մաքրվել»,- դժգոհեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի նշեց, որ ամբողջ աշխարհում եղանակով պայմանավորված նման կոլապսային իրավիճակներ լինում են, և այդպիսի դեպքերում ոչ ոք մեղավոր չէ։
«Ո՛չ նրանք են մեղավոր, ո՛չ մյուսները, երևի պետք է ամեն մեկն իր գործը բարեխղճորեն անի»,- հավելեց քաղաքացին։
Երևանցիներից մեկն էլ նման իրավիճակում մեղադրեց ժողովրդին։
«Մեղավոր է ժողովուրդը, որ ժամանակին այս պատկան մարմիններին է ընտրել»,- ասաց նա։
Նշենք, որ հարցվածների մեջ կային մարդիկ, ովքեր չդժգոհեցին ձնամաքրման աշխատանքներից, ավելին՝ ողջունեցին քաղաքապետի՝ բահով ձնամաքրման աշխատանքներին միանալը։
Մանրամասները՝ տեսանյութում։