Իսրայելը պատրաստվում է հարկադրաբար առգրավել, այնուհետև աճուրդով վաճառել Երուսաղեմի հայկական քրիստոնեական պատրիարքարանին դարեր շարունակ պատկանող անշարժ գույքը, հայտարարել է Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ սա ուղղակի սպառնալիք է ավելի քան 1700 տարվա վաղեմություն ունեցող հայկական քրիստոնեական թաղամասի և Սուրբ հողի բոլոր կրոնական համայնքների գոյատևման համար:
«Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը կանգնած է անխուսափելի դատավարության առջև, քանի որ Երուսաղեմի քաղաքապետարանը փորձում է առգրավել և աճուրդով վաճառել նրա ունեցվածքը՝ 1994 թվականի մունիցիպալ հարկի ենթադրյալ պարտքի պատճառով»,- ասված է հայտարարության մեջ։
Պատրիարքարանը պնդում է, որ պարտքը կամայականորեն պարտադրվել է քաղաքային պաշտոնյայի կողմից՝ առանց պատշաճ դատավարության:
«Չնայած բազմաթիվ միջնորդություններին՝ քաղաքապետարանն անտեսել է պատշաճ իրավական ընթացակարգը և հրաժարվել է քննել հայցի հիմնավորվածությունը: Եթե գույքի բռնագրավման մասին որոշում կայացվի, դա կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել, որը կարող է սպառնալ Իսրայելի մյուս քրիստոնեական կրոնական հաստատություններին»,- նշել են պատրիարքարանում։
Հայոց պատրիարքությունն Իսրայելի իշխանության քայլն անարդար է համարել՝ հաշվի առնելով, որ Երուսաղեմի քաղաքապետարանն ինքը չվճարված վարձավճարների տեսքով միլիոնավոր դոլարներ է պարտք պատրիարքարանին:
«Ի սկզբանե ենթադրվում էր, որ այս հարցը կլուծվի 2018 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կից ստեղծված կոմիտեի օգնությամբ, սակայն քաղաքապետարանը գործել է միակողմանի: Հայոց պատրիարքարանն Իսրայելի իշխանություններին կոչ է անում անհապաղ միջամտել՝ կանխելու իր ունեցվածքի բռնագրավումը և պաշտպանելու քրիստոնեական ներկայությունը Սուրբ հողում»,- ընդգծել է պատրիարքարանը։
2023 թվականի հունվարին Երուսաղեմում հրեա արմատականները հարձակվել էին հայերի վրա և փորձել պոկել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի շենքի դրոշները։ Նույն տարվա հունվարի 27-ին հրեա ծայրահեղականները սադրել էին Երուսաղեմի Taboon Wine Bar հայկական ռեստորանի աշխատակիցներին ու այցելուներին։
Միաժամանակ, շարունակվել էր նաև դիմակայությունը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տեղամասի շուրջ։ 2023 թվականի դեկտեմբերի 28-ին շուրջ 30 սադրիչ հարձակվել էր «Կովերի պարտեզում» գտնվող հայերի վրա։ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը հայտարարել էր, որ նրանք ղեկավարվում են տարածքի նկատմամբ հավակնություններ ունեցող Xana Capital ընկերության կողմից։ Հարձակման հետևանքով վիրավորվել էին հոգևորականներ, հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի բնակիչներ: 2024-ի ապրիլի 3-ին մի խումբ հրեա վերաբնակիչներ՝ ավելի քան 20 իսրայելցի ոստիկանի ուղեկցությամբ, ներխուժել էին այդ տարածք։
2024-ի սեպտեմբերին Xana Gardens ընկերությունը, որը հավակնում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» հողամասին, հայց էր ներկայացրել թաղամասի փրկության շարժման համահիմնադիրներ Հակոբ Ջերնազյանի և Սեթրագ Բալյանի դեմ։