Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանը կոչ է արել շարունակել Երևանում հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ բոյկոտը։
«Տեսնում ենք, որ մեր միասնական պայքարն արդյունք է տալիս, ուստի բոյկոտը շարունակվում է։ Այս պահին հավաքագրումները շատ քիչ են, սա քաղաքային իշխանությանը հերթական անգամ ստիպելու է ընկրկել»,- գրել է նա։
Նախկին քաղաքապետը շեշտել է, որ սա տևական պայքար է, «որը, վստահաբար, վերջնական հաջողություն է ունենալու»։
Մարությանը հայտնել է, որ մեկ ուղևորության համար 100 դրամ գին սահմանելու պահանջով 80 000 ստորագրություններով հաստատված նախագիծը քննարկվել է ավագանու նիստում, սակայն «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Հանրապետություն» կուսակցությունը դեմ են քվեարկել։
Փետրվարի 11-ին Երևանի քաղաքապետարանն ընդլայնել էր տրանսպորտային արտոնություններից օգտվող քաղաքացիների շրջանակը։
Երևանցիները փետրվարի 1-ից բոյկոտում են հասարակական տրանսպորտի ուղեվարձի 100 դրամից 150 դրամ թանկացումը։