Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ գոհ է հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման դեմ ակցիայի ընթացքից։ Նրա խոսքով՝ բոյկոտին մասնակցել է երևանցիների մեծամասնությունը։
Մարությանը հայտնել է, որ մարդիկ հետաքրքիր լուծումներ են գտել․ ոչ միայն 100 դրամ են մուծում, այլ նաև հունվարի 31-ին գնել են բազմաթիվ 100 դրամանոց տոմսեր, որը կգործի երեք օր։
«Շատերն ասում են՝ մարդիկ վճարում են, իրականում վճարում են երեկ գնած 100 դրամանոց տոմսերով։ Սա էլ է ակցիայի մի ձև, որը մոտակա 3 օրը շարունակվելու է։ Այն մարդիկ, ովքեր չեն գնել, դնում են 100 դրամ և անցնում։ Կան մարդիկ, որոնք ուղղակի անցնում են որպես բողոքի նշան։ Մեծամասնությունը մասնակցում է բոյկոտին, ինչը ողջունելի է, հասարակությունը պատրաստ է իր իրավունքները պաշտպանել»,- ասել է նախկին քաղաքապետը։
Միևնույն ժամանակ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ քաղաքացիները չեն միանում բոյկոտին և նախընտրում են «քաղաքակիրթ վճարման տարբերակները»։
«Նրանք իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն այսօր, այլ նաև ապագա տասնամյակներում՝ զարգացած հանրային տրանսպորտ ունենալու գործում»,- գրել է նա։
Փետրվարի 1-ին Երևանում բողոքի ակցիա է ընթացել՝ տրանսպորտի թանկացման դեմ։ Ակցիայի նախաձեռնողներն էին Մարությանը և ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։ Նրանք դեմ են մայրաքաղաքի ավագանու հունվարի 31-ի որոշմանը` փետրվարի 1-ից հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու մասին։ Այսօր ավելի վաղ ակցիային միացել էին նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Քրիստինե Վարդանյանը և Թադևոս Ավետիսյանը։