ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Նա այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
Պետրոսյանը նշել է, որ ազատման պատճառը փաստաբանությամբ զբաղվելու իր ցանկությունն է։
«Շուրջ 17 տարվա ծառայությունից հետո աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել։ Յուրաքանչյուր առավոտ աշխատանքի եմ ներկայացել հայրենիքիս անմնացորդ ծառայելու անհագ ցանկությամբ, սակայն որոշել եմ զբաղվել փաստաբանությամբ և այսուհետ այդ կերպ ծառայել ժողովրդիս ու պետությանս»,- գրել է նա։
Պետրոսյանն իր պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի հունվարի 5-ին։ Մինչ այդ զբաղեցրել էր ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդականի, ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, Կոտայքի դատախազի պաշտոնները։