Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը մի քանի օրվա ընթացքում երկրորդ անգամ հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և առաջարկել է ուղիղ երկխոսություն սկսել Նիկոսիայի և Անկարայի միջև, փոխանցել է Phileleftheros-ը։
Նա նշել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է համակարգված և բազմակողմ բանակցություններ նախապատրաստելու համար, գրում է լրատվականը։
Ըստ կայքի՝ Խրիստոդուլիդեսի և Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում COP-29-ը համաժողովի շրջանակում։ Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև ուղիղ շփումների գաղափարը նպատակ ունի աջակցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերին՝ կիպրական կարգավորման շուրջ համաժողով կազմակերպելու համար, գրել է կայքը։
Նշվում է, որ նախկինում Կիպրոսի նախագահն ու Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել էին նոյեմբերի 7-ին Բուդապեշտում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Նշենք, որ ՀՀ-ից որևէ պաշտոնյա մասնակցության հայտ չի ներկայացրել Բաքվում ընթացող համաժողովին։